ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՀՅԴ ուղեգիծը կմնա անփոփոխ

ՀՅԴ ուղեգիծը կմնա անփոփոխ
25.01.2015 | 17:56

Ամեն բան խոսում էր այն մասին, որ խորհրդարանական ուժերից նոր տարվա քաղաքական մեկնարկը տալու է ԲՀԿ-ն: Ընդ որում, այդ մեկնարկը տրվելու էր բավականին տպավորիչ ձևով. Գագիկ Ծառուկյանը հունվարի 20-ին իր նորաբաց «Մուլտի գրանդ» հյուրանոց էր հրավիրել ոչիշխանական ուժերի ներկայացուցիչներին՝ հանրությանը, իշխանությանը, եռյակի իր գործընկերներին՝ իր ուժը, հասարակական ու քաղաքական ազդեցիկությունը ցույց տալու: Համաժողովին հրավիրված էին նույնիսկ Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչներ, ովքեր Հայաստան եկան, ինչ-որ միջոցառումների մասնակցեցին, Ծառուկյանի հետ հանդիպեցին, սակայն համաժողովը հետաձգվեց մինչև փետրվարի 5-ը՝ Գյումրու ողբերգության հետ կապված: Խորհրդարանական կուսակցություններից տարվա քաղաքական մեկնարկը տվեց ՀՅԴ-ն՝ հունվարի 16-24-ին Դիլիջանում անցկացնելով իր Ընդհանուր ժողովը: Այս կուսակցության ժողովներն անցկացվում են դռնփակ ռեժիմով ու մեզ անհայտ է, թե ինչ բանավեճեր, քննարկումներ են տեղի ունեցել փակ դռների հետևում: Եթե ասեմ, որ Ընդհանուր ժողովին նախորդել էր մեծ ինտրիգ՝ անկեղծ չեմ լինի: Դարձյալ տրադիցիոն դարձած խոսակցություններն ու մամուլի հրապարակումներն էին, թե իբր դաշնակցությունում դժգոհություն կա Բյուրոյի ղեկավարությունից՝ իշխանության հետ համագործակցության պատճառով, ու, որ սպասվում է դժգոհների կողմից Բյուրոյի ղեկավարության փոփոխություն: Երբ մի քանի տասնյակ դաշնակցականներ Երևանի աղմուկից հեռու քննարկում էին իրենց քառամյա ուղենիշը, մամուլը մի քանի անգամ փորձեց այս թեման թեժացնել, նաև թերթերից մեկում լուր հայտնվեց, թե իբր քաղաքացիական ակտիվիստ ու հայտնի օգտատեր «Նավակ Ճոճողին» ծեծել են Հրանտ Մարգարյանի հանձնարարությամբ: Այս լուրերին դժվար էր նայել պրոֆեսիոնալ հայացքով, որովհետև պարզ էր՝ ոմանք կրքեր են ուզում թեժացնել ընթացող ժողովի համատեքստում: Նոր բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հրանտ Մարգարյանը, քաղաքական ներկայացուցիչ՝ Արմեն Ռուստամյանը: Ըստ այդմ, ստատուս քվոն պահպանվել է, պետք չէ սպասել ՀՅԴ ուղենիշի վերանայում. ավանդական կուսակցությունն ընդդիմադիր հայտնի ֆորմատ չի վերադառնա, ՀՀԿ-ի հետ պաշտոնապես կոալիցիա չի կազմի, սակայն նրա հետ կշարունակի համագործակցել՝ դիվանագիտական ոլորտում պաշտոնի գործուղելով իր ընկերներին: Սահմանադրական փոփոխություններն ու կառավարման խորհրդարանական համակարգը ՀՅԴ-ի համար ծրագրային են, սկզբունքային, սակայն, չեմ կարծում, թե ավանդական կուսակցության ու իշխանության համագործակցության դաշտը սահմանափակվում է միայն այս հարցով, մանավանդ որ առջևում 2017-2018-ի ընտրական ցիկլն է ու ՀՅԴ-ին երաշխիքներ են պետք: Եռյակի ձևաչափում այդ երաշխիքները ՀՅԴ-ն չստացավ ու, անկեղծ լինենք, չուզեցավ մասնակցել մի խաղի, որում ընդամենը կցորդի կարգավիճակում ամրացնելու էր իշխանության հետ բանակցող կամ հակադրության գնացող Գագիկ Ծառուկյանի դիրքերը: Դաշնակցությունը որոշակիորեն փրկեց ՀՀԿ-ի դեմքը՝ մասամբ ցրելով նրա խղճուկ մենությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացում: Դրա դիմաց ՀՅԴ-ն ակնկալում է քաղաքական դիվիդենդներ: Կստանա՞ դրանք, թե՞ ոչ՝ կախված է նրանից, թե ինչքանով սահմանադրական փոփոխությունների հարցը պահանջարկված կլինի ու կմնա իշխանությունների օրակարգում: Ընդհանրապես, դժվար է գնահատական տալ ՀՅԴ-ի կամ որևէ այլ կուսակցության այսօրվա վարքագծին, որովհետև քաղաքական դաշտն այնքան ապաքաղաքականացված ու լղոզված է, որ բացակայում են գնահատման չափանիշները: Կոնկրետ ինձ համար այնքան էլ տեսանելի չեն այսօրվա իշխանություն ու ընդդիմություն կոչվածների քաղաքական, գաղափարական, որակական տարբերությունները: Վերջում՝ չմոռանամ հավելել ևս երկու հանգամանք: Այս տարին յուրահատուկ է ՀՅԴ-ի համար, որովհետև Ցեղասպանության թեման, քաղաքական առումով, «բրենդային» է նրա համար, ու ակնկալվում է, որ արդյունավետ աշխատանքի դեպքում ազգայնական որոշակի էլեկտորատ կարող է համախմբվել այս կուսակցության շուրջը, մանավանդ որ մեր քաղաքական օրակարգն աղքատիկ է, ինչի հետևանքով անխուսափելի է հասարակության օտարումը թե՛շխանություններից, թե՛ եռյակից: Մյուս հանգամանքն այն է, որ ավանդական կուսակցության գործունեությունն առայժմ ամբողջովին ադապտացված չէ հայաստանյան իրականությանը: Բյուրոյի անդամների մեծամասնությունը օտար երկրների քաղաքացիներ են՝ մեր հայրենակիցները: ՀՅԴ-ում սա կարող են բացատրել իրենց կառույցի աշխարհասփյուռ առանձնահատկությամբ: Մենք կարող ենք դա հաշվի առնել կամ չառնել, բայց սրանից չի վերանում Հայաստանի օրենսդրության իմպերատիվ պահանջը, որը դարձյալ խախտվում է:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 22660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ